Առողջ սածիլը բարձր բերքի երաշխիք

Բանջարեղենի արտադրության շղթայում կարևորվում է հատկապես սածիլի աճեցման օղակը: Աճեցված սածիլի որակը կանխորոշում է բերքի և´ քանակը, և´որակը: Ստացված ընդհանուր բերքի շուրջ 50-60%-ը կազմակերպվում է հատկապես այն ցողունների վրա, որոնց բողբոջների առաջացումը տեղի է ունենում սածիլային հասակում: Բանջարեղենի մշակությունը սածիլային եղանակով երկարացնում է բույսերի վեգետացիայի շրջանը, որը նպաստում է բերքի ավելի վաղ ստացմանը: Բացի այդ, սածիլների աճեցումը ջերմոցներում հնարավորություն է տալիս զարգացման վաղ շրջանում պաշտպանել երիտասարդ բույսերն արտաքին անբարենպաստ պայմաններից, հիվանդություններից և վնասատուներից:

Բանջարային մշակաբույսերի բաց գրունտի ցանքերը վաղ սածիլներով ապահովելու համար օգտագործվում են ջերմոցներ և ջեռուցվող գրունտ, որոնք անհրաժեշտ է կենտրոնացնել այնպիսի հողամասում, որը բաց լինի արևելքից, արևմուտքից և հարավից (որպեսզի լիարժեք լուսավորվի), իսկ հյուսիսից` պաշտպանված լինի քամիներից:

Սածիլների մշակությունը սկսվում է ջերմոցների նախապատրաստումից: Ջերմոցները մաքրվում են աղբից, բուսական մնացորդներից: Ջերմոցների հողը պարբերաբար անհրաժեշտ է փոխել կամ ախտահանել: Ջերմոցների հողի ախտահանման աշխատանքները բարդ են և անհատ ֆերմերին տնտեսությունների ներկա պայմաններում` ֆինանսական և տեխնիկական միջոցների բացակայության պատճառով դժվար կիրառելի: Ուստի նպատակահարմար է ջերմոցների հողը ամեն տարի փոխել, այդ իսկ պատճառով հանվում է 10-15սմ հողաշերտը և այն փոխարինվում նոր պատրաստված հողախառնուրդով (այս աշխատանքները կատարվում են բանվորական ուժի օգնությամբ, օգտագործվում են հասարակ գյուղատնտեսական գործիքներ` բահ, թի, խարակ, ձեռնասայլակ, փոցխ):

Սածիլների աճեցման համար հողախառնուրդը պետք է օժտված լինի բարձր կլանողականությամբ, օդաթափանցությամբ և պարունակի բույսերին անհրաժեշտ սննդանյութեր: Այդպիսի հատկություններով օժտված հողախառնուրդ ունենալու համար հիմնականում այն պատրաստվում է`
ճմահողից (չլինելու դեպքում այն կարող է փոխարինվել սովորական դաշտային հողով),
—բուսահողից (բուսահողի փոխարեն կարող է օգտագործվել կենսահումուս),
—տորֆից (ի հաշիվ տորֆի քանակության, հողախառնուրդին կարելի է ավելացնել հրաբխային խարամ, պերլիտ կամ ցեոլիտ):

Յուրաքանչյուրի քանակական հարաբերությունը պայմանական է և կարող է փոխարինվել` կախված տեղի պայմաններից և տնտեսության հնարավորություններից:

Հողախառնուրդի կազմը

Ճմահող (կամ դաշտային հող) 30-50%, բուսահող (կամ կենսահումուս) 20-30%, տորֆ (հրաբխային խարամ, պերլիտ, ցեոլիտ) 40-80%:
Մինչև հողախառնուրդի պատրաստելը, ճմահողը, բուսահողը և տորֆը առանձին-առանձին մաղվում են, հեռացվում են կոշտուկները: Եթե հողախառնուրդի կազմում բուսահողի քանակությունը 20%-ից ցածր է կամ ընդհանրապես բացակայում է, ապա հողախառնուրդին ավելացվում է 0.5-1.0կգ ամոնիակային սելիտրա, 1.0-1.5կգ կալիումական աղ, 2.0-3.0կգ սուպերֆոսֆատ, 0.3կգ ծծմբաթթվային մագնեզիում:Հողախառնուրդը պատրաստելիս շերտ-շերտ լցնում են ճմահող, բուսահող, տորֆ և հանքային պարարտանյութեր: Բահի օգնությամբ խառնվում են այնքան ժամանակ, մինչև ստացվի համասեռ զանգված, որը լցվում է ջերմոցները և հարթեցվում, հողաշերտի հաստությունը պետք է լինի 15-18սմ:

Սերմերի նախացանքային մշակումը

Սածիլների որակի բարձրացման գործում ոչ պակաս կարևոր նշանակություն ունի սերմերի նախացանքային մշակումը: Գոյություն ունեն սերմերի նախացանքային մշակման մի շարք միջոցառումներ, որոնց կիրառությունը բարձրացնում է սերմերի ծլունակությունը, ծլման էներգիան, կանխում` սերմնանյութի միջոցով հիվանդությունների և հարուցիչների տարածումը, ինչը և նպաստում է սածիլների որակական ցուցանիշների բարձրացմանը:
Սերմերը կարելի է ախտահանել քիմիական և թերմիկ եղանակներով: Քիմիական եղանակով սերմերը պետք է ախտահանել երկհերթ` սկզբում հակավիրուսային պրեպարատներով, իսկ լվանալուց հետո այնպիսի պրեպարատներով, որոնք կիրառվում են սնկային և բակտերիալ հիվանդությունների դեմ:

Ախտահանում հակավիրուսային պրեպարատներով

• 1% կալիում պերմանգանատի լուծույթի մեջ սերմերը պահել 15-20 րոպե տևողությամբ, որից հետո անմիջապես լվանալ հոսող ջրում (15 րոպե) և չորացնել,
• 20% աղաթթվի լուծույթի մեջ սերմերը պահել 30 րոպե տևողությամբ, որից հետո (30 րոպե) լվանալ հոսող ջրում և չորացնել
Բույսերը սնկային և բակտերիալ հիվանդություններից զերծ պահելու համար սերմերը կարելի է ախտահանել ՏՄՏԴ կամ կուպրոզան պրեպարատով` 1կգ սերմին ծախսելով 4-5գր ախտահանիչ: Սերմերը և ախտահանիչ նյութը լցվում են փակվող ապակե տարայի մեջ և խառնվում: Այս ախտահանումը անհրաժեշտ է կատարել ցանքից անմիջապես առաջ կամ 2-3 շաբաթ առաջ:

Աղբյուրը` «Վայոց Ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՓԲԸ 

Leave a Reply