Հողի հյուծվածությունը

Հյուծվածությունը՝ հողի բերրիության անկումն է: Հողը հյուծվում է երբ չեն պահպանվում բույսերի աճեցման կանոնները, երբ ցանքաշրջանառություն չկիրառելով  նույն տեղում, անընդհատ նույն տեսակի բույսեր են տնկվում:

Հողի բերրիության անկման պատճառները տարբեր են՝ ֆիզիկական հատկությունների վատթարացում (օրինակ՝ կարծրացում), սննդարար նյութերի չվերականգնովող ծախս կամ լվացում, թթվային ռեակցիայի փոփոխություն, հողում հիվանդածին միկրոօրգանիզմների և թունավոր նյութերի կուտակում և այլն:

Վատ ֆիզիկական վիճակը միշտ կարելի է բարելավել փխրեցնելով, փխրեցնող հավելանյութեր խառնելով և/կամ սիդերատներ ցանելով: Սննդանար նյութերի պակասը նույպես կարելի է վերացնել հողը պարարտացնելով: Հողի թթվայնությունն էլ կարելի է նվազեցնել կիր խառնելով: Միայն հիվանդածին միկրոօրգանիզմների և տոքսիկ նյութերի կուտակման խնդիրն է համարյա անլուծելի:

Ամեն մշակաբույս, տարվա ընթացքում կուտակում է հողում իրեն յուրահատուկ հիվանդածին միկրոօրգանիզմներ և տոքսիններ: Այդ է պատճառը, որ բույսերի մեծ մասը պետք չէ աճեցնել տարիներ շարունակ միևնույն տեղում: Որոշ բույսերի արմատներից արտանետվող նյութերը վնասակար են կամ հենց իրենց տեսակի համար, կամ էլ ուրիշ տեսակների:

Ուստի պետք է պահպանել մշակաբույսերի աճեցման հերթականությունը՝ ցանքաշրջանառությունը: Ցանքաշրջանառությունը պայմաններ է ստեղծում հողի վերականգնման ու բերրիության բարձրացման համար: Որքան շատ ժամանակ անցնի նույն տեղում, նույն տիպի մշակաբույս աճեցնելու արանքում, այնաքան լավ: Ճիշտ ցանքաշրջանառություն կազմակերպելը դյուրին գործ չէ, սակայն ձգտել դրան անհրաժեշտ է:

Բույսերի աճեցման ճիշտ հերթականություն ընտրելու դեպքում պայմաններ են ստեղծվում, որ հողն ինքն իր ուժերով ձերբազատվի տոքսիններից ու հիվանդածին միկրոօրգանիզմներից:

Գոմաղբի կամ դրա հիմքով կոմպոստի խառնելը հողին ճնշում է հիվանդածին միկրոօրգանիզմներիբազմացումը: Մասնավորապես, այդպես են պայքարում բույսերի ֆուզարիոզ հիվանդության դեմ: Պատճառն այն է, որ գոմաղբի կոմպոստում կան հակաբիոտիկ նյութեր, որոնք ճնշում են այդ հիվանդության հարուցիչներին:

Ցանքաշրջանառության կիրառումը, որպես հողի հյուծվածության վերացման միջոց, նվազ արդյունավետ է ջերմոցներում: Այնտեղ կամ ամբողջովին փոխում են հողը, կամ էլ ենթարկում են մանրէազերծման և ախտահանման:

Հողի հյուծվածության նկատմամբ առավել զգայուն են միամյա բույսերը:

Ցանկացած դեպքում, պետք չէ 3 տարուց շուտ նույն տիպի մրգատու ծառերն ու թփերը տնկել նույն տեղում, իսկ ծիրանը՝ ոչ շուտ քան 5 տարուց:

Ելակը կարելի է նույն տեղում աճեցնել 3-4 տարի, հետո տեղափոխել այլ տեղ:

Ծաղիկների համար էլ մշակված կանոններ կան:

• Քրիզանթեմը և աստղածաղիկը ավելի լավ կաճեն այն տեղում, որտեղ 2 տարի չեն աճել: Հակառակ դեպքում շատ խոցելի կլինեն սնկային հիվանդությունների համար:

• Բոցենին ու աքվիլեգիան չորս տարին մեկ պետք է տեղափոխել նոր տեղ:

• 4 կամ 5 տարին մեկ տեղափոխում են հակինթը, այլապես այն կորցնում է իր դեկորատիվ տեսքը:

• Չի կարելի նույն տեղում աճեցնել բեգոնիան:

• Նարգիզը, թրաշուշանը և  վարդակակաչը նույն տեղում տնկում են 4-5 տարի անց: Վարդակակաչը կարելի է տնկել հակինթից հետո, նարգիզն ու  թրաշուշանը՝ վարդակակաչից հետո,  բայց ոչ հակառակը:

Leave a Reply