Մաղադանոս

parsley-1

Մաղադանոսը (անգլ․՝ Parsley, ռուս․՝ Петрушка, լատ.՝ Petroselínum) կարոս, ազատքեղ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3 տեսակ մշակության մեջ 1 տեսակ՝ մաղադանոս մշակովի (Petroselínum sativum

Ունի 3 տարատեսակ՝

  • արմատապտղային
  • հարթ տերևային,
  • գանգրավոր տերևայն:
parslay-3

Մաղադանոսի տերևները հարուստ են  C, PP և B խմբի վիտամիններով, A և K պրովիտամիններով, պարունակում են կալիում:  Մաղադանոսը ոչ միայն համ է տալիս ճաշերին, այլև հարստացնում է կենսաբանորեն ակտիվ նյութերով:

Նկարագիր

Մաղադանոսը ոչ պահանջկոտ, ցրտադիմացկուն, երկամյա բույս է: Առաջին տարում կազմում է հոտավետ տերևների փունջ, իսկ եթե թողնվում է հողում, ապա երկրորդ տարում ծաղկում է և տալիս է մանր սերմեր:

parslay-2

Արմատապտղային տեսակները ձևավորում են կոնաձև կամ իլիկաձև, դեղնասպիտակ արմատապտուղներ: Այդ տեսակի կանաչ զանգվածը չեն կտրում, որպեսզի բույսը ուժ ունենա լավ չափսերի արմատապտուղ ձևավորել:

Հարթ և գանգրավոր տերևային մաղադանոսի տերևները այնքան գեղեցիկ են, որ հաճախ դրանք տնկվում են կոմպոզիցիաներում:

Ագրոտեխնիկա

Մաղադանոսը պահանջկոտ չէ հողի նկատմամբ, սակայն բերրի, փխրուն հողում, լավ լուսավորված տեղում առանձնապես լավ բերք է ապահովում:

Ինչպես ցանել և աճեցնել

parslay-4

Որպես նախորդող բույսեր մաղադանոսի համար լավն են դդմիկը, վարունգը, կարտոֆիլը և կաղամբը: Պետք չէ աճեցնել մաղադանոսը գազարից, նեխուրից, համեմից, չամանից հետո, սակայն զուգահեռաբար թվարկածների հետ լավ կաճի: Ընդհանրապես մաղադանոսը լավ է աճում ամսական բողկի, պղպեղի, սիսեռի, լոլիկի և վարունգի հետ  խառը տնկարկներում:  Այն տեղում ուր աճել է մաղադանոսը, նորից մաղադանոս կարելի է ցանել միայն 4 տարի անց:

Մաղադանոս տնկելու տեղը նախապատրաստում են աշնանը՝ պարարտացնելով հողը կոմպոստով:

Մաղադանոսի սերմերը ցանում են անմիջապես բաց գրունտի մեջ: Ցանելուց առաջ սերմերը առնվազն 30 րոպե թրջում են և հետո չաորացնում մինչև սորունության վերականգնումը: Մարգում 1-1,5 սմ խորությամբ ակոսներ են բացվում, որոնք խոնավացվում են, ինչից հետո ցանում են սերմերը և ծածկում հողով: Հողն այնուհետեվ հարթեցնում են և թեթև տոփանում:

Որպես կանոն, 15-20 օրից սերմերը ծլում են: Ծլելն արագացնելու համար մարգը կարելի է ծածկել ցելոֆանե թաղանթով: Ծիլերը հայտնվելուն պես թաղանթը պետք է հեռացնել, որպեսզի ծիլերի լուսավորվածությունը առավելագույն լինի: Ծիլերը կարող են դիմանալ մինչև 9 աստիճան ցրտին:

Մաղադանոսի տերևային տեսակները կարելի է լրացուցիչ ցանել մինչև աշուն:  Իսկ խոր աշնանը մաղադանոսի սերմերը ցանում են առանց թրջելու 1 սմ խորությամբ ակոսներում և մարգը ցանկածածկում են փտած գոմաղբով կամ տորֆով:

Սնուցում

Տերևային մաղադանոսը 1-2 անգամ սեզոնի ընթացքում սնուցում են ազոտ պարունակող օրգանական պարարտանյութով: Արմատապտղային մաղադանոսը սնուցում են վեգետացիոն շրջանի սկզբում և մեկ անգամ էլ օգոստոսին:

Բերքը հավաքելը

Տերևային մաղադանոսի տերևները պոկում և օգտագործում են ողջ վեգետացիոն շրջանում, իսկ արմատապտուղները հավաքում են խոր աշնանը՝ մինչև կայուն ցրտերը:

Պահպանումը

Արմատապտղային մաղադանոսը պահում են սառնարանում կամ նկուղում, ինչպես գազարը:  բույսերի մի մասը կարելի է թողնել այգում՝ գարնանը վաղահաս տերևներ ունենալու համար: Մաղադանոսը շատ լավ դիմանում ձմռանը և կարող է վնասվել միայն երբ ձյուածածկ չկա և շատ ցուրտ է:

 

Կիրառումը բուսաբուժությունում

Անհիշելի ժամանակներից մաղադանոսը կիրառվել է բուսաբուժությունում որպես ուժ վերականգնող, վերքեր ապաքինող և լնդերը ամրացնող միջոց:

Մաղադանոսը կարգավորում է նյութափոխանակությունը օրգանիզմում, խթանում է աղիների գործունեությունը և մարսողական ֆերմենտների արտադրությունը: Ուստի մաղադանոսը լայնորեն կիրառվում է մարսողական հիվանդությունները բուժելիս և ախորժակը վերականգնելու համար:

Մաղադանոսը կիրառվում է նաև որպես միզամուղ միջոց:

Մաղադանոսի թուրմն օգտագործվում է պեպենները հեռացնելու համար, ինչպես նաև սալջարդերը և միջատների կծած տեղերը բուժելու համար:

Հղիության շրջանում խորհուրդ չի տրվում մաղադանոս ուտել: Նաև պետք է իմանալ, որ մաղադանոսի հյութը երիկամների վրա գրգռիչ ազդեցություն ունի:

Մաղադանոսի աճեցնելը սենյակային պայմաններում

Մաղադանոսը կարելի է աճեցնել տանը՝ լուսամուտի գոգին և ըմբոշխնել կանաչ վիտամինները ամբողջ տարին:

Դրա համար կարելի է աշնանը այգուց մի քանի բույս փորել-հանել, բերել տուն ու տնկել ծաղկաթաղարի մեջ: Սենյակային պայմաններում մաղադանոսը շատ լավ աճում է 15-20 սմ խորությամբ, պարարտ հողում, եթե բավարար լուսավորություն կա և պարբերաբար ջրվում է: Տնկելուց 5-6 շաբաթ անց մաղադանոսը կձևավորի հոտավետ տերևների փառթամ փունջ:

Կարելի է նաև ցանել մաղադանոսը: Գերադասելի են գանգրավոր տերևայն տեսակները, քանի որ դրանք արագ են աճում և փառթամ տերևներ ունեն: Սերմերը ցանելուց առաջ պետք է թրջել, իսկ ծաղկաթաղարը տեղադրել լավ լուսավորված տեղում: Ծիլերը հայտնվելուց հետո, անհրաժեշտության դեպքում պետք է նոսրացում կատարել և շարունակել աճեցնել մինչև լիարժեք տերևների գոյանալը:

Հղումներ

Leave a Reply