Ջրարբիացումը օրգանական հողագործությունում

waterՋրի կենսական նշանակությունը բույսերի համար հայտնի է: Բույսերը 80 և ավելի տոկոսով կազմված են ջրից: Ջրի միջոցով են սնուցող նյութերը շրջանառվում բույսի մեջ, ինչը թույլ է տալիս աճել ու բերք տալ: Հաշվել են, որ 1 կգ կանաչ զանգված գոյացնելու համար բույսերին անհրաժեշտ է 20-40 լ ջուր:

Նկատած կլինեք, որ բնության մեջ բույսերի համար ո՛չ ոռոգման, ո՛չ պարարտացման և, ընդհանրապես, արտաքին միջամտության կարիք չկա: Բույսերը հարմարված են բնակլիմայական պայմաններին, աճում են կլանելով անհրաժեշտ նյութեր հողից և մթնոլորտից, հետո մահանում են ու իրենց մնացորդներով վերադարձնում են հողին բերրիությունը: Մտեք անտառ և տեսեք, թե բույսերի մնացորդների ինչ հաստ ու պարարտ շերտով է պաշտպանված հողը, ոնց է խոնավ ու տաք պայմաններում եռում այնտեղ  կենդանական աշխարհի կյանքը: Ամեն ինչ ներդաշնակ է, փոխկապակցված ու նպատակաուղղված վերարտադրությանը: Հողը երբեք չի աղքատանում, միշտ առողջ է ու նյութերով բալանսավորված: Օրգանական հողագործությունն էլ խնդիր է դնում առավելագույնս մոտեցնել այգու միջավայրը բնականին:

Եթե հաջողվում է գոնե մասամբ ներդնել բնական էկոհամակարգը այգիներում, ապա ոռոգման համար օգտագործվող ջրի ծախսը էապես կրճատվում է:

Խնդիրը պարզ է՝ ստեղծել պայմաններ հողում ջրի կուտակման ու պահպանման համար:

Ինչպես կուտակել ջուրը

Բնականաբար խոսքը բույսերի համար ամենաօգտակար՝ անձրևի և ձյան տեսքով տեղացող ջրի մասին է:

Ձյունը: Ի տարբերություն “մերկ” հողի, սիդերատներով ցանված, բույսերի ու կենդանական այլ մնացորդներով ծածկված հողը ավելի լավ է պահպանում ձնածածկույթը: Առաջին ձյունն էլ անմիջապես չի հալչում դիպչելով դեռ տաք հողին: Քամիներն էլ չեն կարող հեշտությամբ քշել ձյունը: Մի  խոսքով, ցանքածածկված հողը նպաստում է ձյան կուտակմանը այգում:

Անձրևի ջուրը կուտակելու համար սովորաբար այգիներում  տեղադրվում են մեծ տարողություններ կամ կառուցվում են արհեստական լճակներ և այնտեղ են ուղղում տարբեր շինությունների կտուրներից ջրհորդաններով իջնող անձրևաջուրը:

Որքան մեծ խորությամբ հողը խոնավանա, այնքան երկար չի չորանա: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հողը ծակոտկեն կառուցվածք ունենա: Հողի ծակոտկենությունը կարող են ապահովել որդերը, եթե ապրելու ու բազմանալու համար բավարար օրգանական սնունդ գտնեն այդ նույն հողում: Սիդերատների աճեցումը նույնպես նպաստում է դրան, որովհետև հնձելուց հետո սիդերատների արմատները մնալով հողում փտում են և ծակոտկեն դարձնում հողը: Բացի այդ ցանքածածկումը թույլ չի տալիս արևի ճառագայթներին չորացնել հողը: Միևնույն ժամանակ ցանքածածկված, ծակոտկեն հողը թափանցելի է թե՛ ջրի, թե՛ գոլորշու համար, ինչը նույնիսկ շոգ օրերին թույլ է տալիս ջերմաստիճանների տարբերության հաշվին կոնդենսատ կուտակել հողում:

Եվս մեկ խորհուրդ: Հողը չորացնող քամիներից պաշպանելու համար ծառերից և թփերից բնական պատնեշներ ստեղծեք:

Խմելու ջրով ջրելը

Բնակչության մատակարարվող ջուրը ընթարկվում է մաքրման և քլորով մանրեազերծման: Քլորացված ջուրով բույսերը ջրելը վնասակար է, կարող է այրել բույսերի արմատները:  Ջուրը քլորից գոնե մասամբ ազատելու համար հարկավոր է այն թողել բաց վճակում առնվազն 24 ժամ: Ավելի արդյունավետ մաքրման միջոց է ֆիլտրացումը: Ֆիլտրացումը թույլ է տալիս ամբողջապես ազատել ջուրը քլորից, սակայն ծախսատար միջոց է:

Բույսերի համար վնասակար է նաև ջրի կոշտությունը՝  կրածինով ու մագնիումով գերհագեցածությունը: Այս դեպքում արդեն ֆիլտրացումը միակ փափկացնելու միջոցն է:

 Որ ժամերին ջրել

Շոգ եղանակին լավագույն ջրելու ժամանակը ուշ երեկոն է, երբ շոգը կոտրվել է և առջևում համեմատաբար զով գիշերն է ու գոլորշիացումը մեծ չէ:

Ջրել կարելի է նաև վաղ առավոտյան՝ մինչև շոգն ընկնելը:

Չի կարելի ջրել ցերեկվա կիզիչ շոգին, այլապես կարող եք պարզապես խաշել բույսերի արմատները, քանի որ թաց հողի ջերմակլանողունակությաունը կտրուկ մեծանում է:

Ինչպես ջրել

Ամենաարդյունավետ և խնայողական ոռոգման ձևը կաթիլային ոռոգումն է: Ջուրը վերգետնյա կամ անդրգետնյա խողովակներով հասցվում է անմիջապես բույսի արմատների մոտ, իսկ կաթիլ առ կաթիլ, դանդաղ ոռոգումը ապահովում է հողի համաչափ ու խորը խոնավացում:

Ավանդական եղանակներով՝ ռետինե խողովակով, դույլով կամ ցնցուղով ջրելիս հաշվի առեք, որ բույսերի մեծամասնությունը չի սիրում երբ ջուրն ընկնում է տերևներին: Բացի այդ, արևի ճառագայթների ներքո տերևի վրա հայտնված ջրի կաթիլը դառնում է խոշորացույցի ոսպնյակ և կարող է այրվածքներ պատճառել:

Ինչ պարբերականությամբ ջրել

Որևէ պարբերականություն ընտրելն անիմաստ է, քանի որ եղանակից կախված հողը կարող է ուշ կամ շուտ չորանալ: Ի դեպ հողի վերին, 2-3 սմ շերտի չորանալը դեռ չի վկայում, որ ջրելու ժամանակն է, պետք է ստուգել ավելի խորը շերտերի խոնավության աստիճանը:

Գոյություն ունեն հողի խոնավությունը չափող բավականին էժան սարքեր:

Կարելի է նաև փորել հողը և բռի մեջ սեղմելով ու տրորելով եզրակացության հանգել:

Ինչ ջերմություն պետք է ունենա ջրելու ջուրը

Հողի ջերմությունից էապես սառը ջրով ջրելը կարող է ստրեսի մեջ գցել բույսերին, իսկ որոշ բույսերի արմատների համար մպարզապես մահացու լինել:

Կանաչեղենը, արմատապտուղները, կաղամբը, կարտոֆիլը չեն վախենում սառը ջրից:

+17 – +18 աստիճանից ցածր չպետք է լինի լոլիկի, պղպեղի, բադրիջանի, ինչպես նաև ճակնդեղի ծիլերի ջրելու ջուրը:

Առանձնապես զգայուն են ջրի ջերմաստիճանի նկատմամբ վարունգը, դդումը, դդմիկը, սեխը: +20 աստիճանից ցածր ջերմություն ունեցող ջրով դրանց ջրելը դանդաղեցնում է այդ բույսերի արմատների ձևավորումը:

Leave a Reply