Ինչպես սերմից աճեցնել եղևնի

eghevniՆախևառաջ պետք է ճիշտ ընտրել սերմերը: Կարելի է, իհարկե, դրանք գնել, սակայն գնված սերմերը միշտ չէ, որ ունեն ծլունակության բարձր աստիճան, քանի որ մինչև վաճառքը դրանք կարող են երկար ժամանակ պահվել պահեստում: Լավ ծիլեր ստանալու համար պետք է համոզված լինել, որ սերմերը թարմ են: Այդ իսկ պատճառով եղևնիների բազմացմամբ զբաղվողները խորհուրդ են տալիս ինքնուրույն հավաքել սերմերը: Աշնանը (հոկտեմբեր – նոյեմբերի սկիզբ) հավաքում են եղևնու կոները (երբ դրանք դեռ չեն թափվել ծառից): Տանը կոները դասավորում են թղթի վրա` ջեռուցման սարքերին մոտ, որպեսզի դրանք չորանան և դուրս թողնեն սերմերը: Հետո սերմերը պետք է մշակել մանգանակալիական թույլ լուծույթով և տեղավորել ավազով լցված որևէ հարմար ամանի մեջ` մոտ 1-1.5 սմ խորությամբ: Ավազը նախապես խորհուրդ է տրվում լավ շիկացնել կրակի վրա և սառեցնել: Սերմերով ամանը տեղավորում են սառնարանում, դռան վրա` ստրատիֆիկացիայի (ավազի հետ շերտադարսման միջոցով սերմացուի մշակման) համար: Եղևնու սերմերի համար ստրատիֆիկացիան պարտադիր է, քանի որ բնական պայմաններում փշատերև բույսերի սերմերը ձմռանը ենթարկվում են ցրտի ազդեցությանը: Դա խթանում է սերմերի ծլումը: Երեք ամիս հետո սերմերով ամանը հանում են սառնարանից և տեղավորում տաք տեղ` լուսամուտագոգին: Եթե դուք սերմերը հողի մեջ եք դրել հոկտեմբերին-նոյեմբերին, ապա դրանք պետք է սառնարանից հանել փետրվարին-մարտին: Դա բույսերի համար լավ ժամանակաշրջան է, քանի որ օրը երկարում է և դա օգնում է լուծելու բույսերի լրացուցիչ լուսավորման խնդիրը: Այս շրջանում սերմերը պետք է առատորեն ջրել, քանի որ բնության մեջ տարվա այդ շրջանում սկսվում է ձնհալը և հողը շատ է խոնավանում: Տաքությունն ու խոնավությունը փշատերևների ծլման հիմնական նախապայմաններն են: 1-2 շաբաթից փոքրիկ եղևնիները ծիլեր կտան, որից հետո արդեն պետք է շատ զգույշ լինել: Տնկիների չափից ավելի ջրումը բերում է արմատների փտման, իսկ թերի ոռոգումը` բույսի չորացման: Այնպես որ, պետք է ապահովել չափավոր ջրում: Երկու շաբաթը մեկ անգամ երիտասարդ եղևնիները սնուցում են, իսկ հողի վերևի շերտը` փխրեցնում: Երբ եղանակը բավականաչափ տաքանա (մոտավորապես մայիսին) տնկիները կարելի է արդեն տեղափոխել բաց գրունտ: Տնկելուց առաջ ծառի համար փորված փոսի մեջ լցնում են հողի և փոքր քանակությամբ հանքային պարարտանյութերի հետ խառնված կոմպոստ: Ընդհանրապես, եղևնու ծառը պարարտացնում են ընդամենը մեկ անգամ` տնկելիս: Տնկիները տեղավորում են փոսի մեջ, ծածակում են արմատները հողով, թեթևակի տոփանում են, առատ ջրում և ծածկում կտրված պլաստիկ շշով, որպեսզի ստեղծվի ջերմոցային էֆեկտ: Տնկիներն ամեն օր պետք է բացել, օդափոխել, հեռացնել կոնդենսատը և հետևել հողի խոնավությանը: Մեկ շաբաթից շշերը կարելի է հեռացնել, իսկ տնկիների շուրջ հողը` ցանկածածկել (մուլչապատել), որպեսզի խոնավությունը չգոլորշիանա: Աճեցման այս եղանակը կարելի է կիրառել եղևնու բոլոր տեսակների համար:

http://www.eagro.am/

Leave a Reply