Խաղողի բազմացումը

khaghoghi_tnkiner-1Խաղողի սորտը պահպանելու համար այն բազմացնում են միայն վեգետատիվ եղանակով` ցողունային կտրոններով, պատվաստներով, անդալիսով:

Կտրոններով բազմացում:

Բարձրորակ արմատակալներ աճեցնելու համար անհրաժեշտ է կտրոնները վերցնել նախապես ընտրված մաքրասորտ, առողջ, ուժեղ աճեցողություն ունեցող բերքատու վազերի միամյա մատերից:
Միամյա մատերից վերցրած կտրոնները լավ են արմատակալում և դիմացկուն են արտաքին անբարենպաաստ պայմանների նկատմամբ: Մթերված կտրոնները պետք է լինեն լավ փայտացած, նորմալ երկարության միջհնգույցային տարածություններով, 5-12 մմ հաստությամբ և 50-100 սմ երկարությամբ: Կտրոնների հիմքի և վերին կտրվածքները կատարում են հանգույցների մեջտեղից:
Սովորաբար կտրոնները մթերում են աշնանը` կիսալուսնի փուլում, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանք ավելի լավ են արմատակալվում, քան գարնանը` լիալուսնի ժամանակ մթերածները:
ՈՒսումնասիրությունները հաստատել են նաև, որ շիվերի միջին մասից մթերված կտրոնները ավելի լավ են արմատակալում, քան ծայրի մասից վերցրածները:
Կտրոնները կապում են խրձերով և պիտակավորում ըստ սորտերի:
Նախքան տնկելը բարձր կպչողականություն ստանալու համար անհրաժեշտ է կտրոնները մշակել աճման խթանիչով (հիբեռլին, ինդոլիլ, քացախաթթու և այլն):
Մթերված կտրոնները կապում են փոքր խրձերով և հիմքի մասով` 2-3 սմ չափով, դնում են այդ խթանիչներից 0,1-0,3%-ոց որևէ լուծույթի մեջ և պահում 12-24 ժամ:
Կտրոնների արմատակալումը և կպչողականությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է դրանք ենթարկել կիլչեցման և ներքևի աչքից մեկ սմ երկարությամբ մանրատամ սղոցով կամ այգեգործական դանակով թույլ քերծվածք կատարել:
Այդ նպատակով առավոտյան թարմացված և մշակված կտրոնների խրձերը գլխիվայր, խիտ շարում են վաղօրոք պատրաստված խրամատի մեջ:
Որպեսզի կտրոնի աչքերը չբացվեն, խրձերի արանքները լցնում են խոնավ ավազ:
Խրձերի վրա 3-5 սմ շերտով ցնում են փայտի խոնավ թեփ կամ ավազ, այնուհետև 15 սմ գոմաղբ, որից հետո առատ ցնցուղով ջրում են: Խրամատը ծածկում են պոլիեթիլենային թաղանթով կամ ապակյա շրջանակով որոնք կարգավորում են խոնավության և ջերմային ռեժիմը:
Կիլչեցման համար նպաստավոր է 20-25 աստիճան ջերմությունը, խոնավությունը պետք է լինի 10-12%: Պարբերաբար խոնավացնում են և տասը օր անց կտրոնների ստորին կտրվածքի վրա ստուգում կայլուսի առաջացման վիճակը:
Կիլչեցումն ավարտված է համարվում, երբ կտրոնների վրա գոյանում է բաց գույնի փուխր հյուսվածք` կայլուս:
Կտրոնների կիլչեցման տևողությունը 18-20 օր է, որից հետո խրձերը արագ տեղափոխում են դաշտ և տնկում տնկարանում սովորական ձևով:
60-75 սմ միջշարային և 15 սմ միջբուսային հեռավորությամբ:
Տնկարանում մշակության և խնամքի բոլոր ագրոտեխնիկական աշխատանքները կատարում են ըստ հրահանգների:
Արտադրված տնկանյութը պետք է ունենա լավ զարգացած` 30-40 սմ երկարությամբ և 3-4 առանցքային արմատներ, որոնք պատված կլինեն մեծ թվով փնջաձև մազարմատներով:

Այգու հիմնումը

Խաղողի վազը կարող է աճել բոլոր հողատիպերում, բացառությամբ ճահճուտ և աղուտ հողերում:
Խաղողի քիշմիշային և սեղանի սորտերն ուժեղ աճում են և բարձր բերք են տալիս հումուսով հարուստ, կուլտուր-ոռոգելի, թեթև ստրուկտուրային և հզոր վարելաշերտ ունեցող, խոնավությամբ ապահովված հողերում:
Խաղողի տնկարքները կամ այգիները պետք է հիմնադրել 1-2 տարեկան կենսունակ արմատակալներով: Շարքերում վազերը դասավորվում են շախմատաձև, շարքային և քառակուսի: Մեղրիի տարածաշրջանում տնկման սխեման, ըստ վազերի աճեցողության, այսպիսին է.
-թմբային այգիներում 1,5 x 1,0 մ,
-լարային, շպալերային այգիներում` 2,25×1,5 մ:
Այգետնկման ժամանակ ուշահաս սորտերը պետք է տեղաբախշել հարավային կողմնադրության տարածքի վրա:
Թույլ աճեցողություն ունեցող սորտերը տեղաբախշվում են տնտեսության առավել բերրի հողերում:

Գ.Մարգարյան, ՙՍյունիքի ԳԱՄԿ՚ ՓԲԸ խորհրդատու

Leave a Reply