Ներգործուն մանրեների (ՆՄ) պատրաստում բրնձի, կաթի և շաքարի օգտագործմամբ

Նախ պարզաբանենք թե ինչ են իրենցից ներկայացնում ներգործուն մանրեները: Գիտնականները պարզել են, որ հողի բերրիությունն ապահովելու գործում շատ մեծ դեր են խաղում օգտակար միկրոօրգանիզմները՝ ներգործուն մանրեները (ՆՄ)*: Դրանք հողին խառնված հանքային կամ օրգանական պարարտանյութերը վերածում են բույսերի համար յուրացվելի ձևի: Վաճառքոմ կարելի է գտնել տարբեր տեսակի ՆՄ պատրաստուկներ, սակայն այստեղ մենք կանդրադառնանք դրանց ինքնուրույն պատրաստելուն:

Պատրաստելու համար անհրաժեշտ կլինի.

  • Բրինձ – 1/4 բաժակ;
  • Ջուր – 1 բաժակ;
  • Կաթ – 10 բաժակ;
  • Շաքարավազ – 1 ճաշի գդալ:

Եվ այսպես, 1/4 բաժակ բրնձի վրա լցնում ենք 1 բաժակ ջուր ու խառնում այնքան մինչև ջուրը պղտորվի: Ստացված լուծույթն առանձնացնում ենք բրնձի հատիկներից և 7 օր պահում որևէ տաք ու ոչ լուսավոր տեղում: Բրինձն այլևս պետք չի գալու, կարող եք օգտագործել այն ուտեստ պատրաստելու համար:
7 օր անց լուծույթը խառնում ենք 10 բաժակ կաթի հետ և կրկին 5-7 օր պահում տաք ու ոչ լուսավոր տեղում: Այդ ընթացքում լուծույթի մակերեսին կառաջանա կաթնաշոռային զանգված, որը, ժամկետը լրանալուց հետո, պետք է հեռացնել, իսկ տակի շիճուկին ավելացնում ենք 1 ճաշի գդալ շաքարավազ:

Վերջ, ՆՄ պատրաստուկը կարող եք պահել սառը տեղում մինչև մեկ տարի:  Օգտագործելու համար շիճուկը պետք է խառնել սենյակային ջերմության ջրի մեջ՝ 1:20 հարաբերակցությամբ:

Որտե՞ղ և ո՞նց օգտագործել

  • Ջրել բույսերը;
  • Հեղուկացիրով շաղ տալ բույսերի տերևների վրա;
  • Սերմեր թրջելու համար:

Միայն հիշեք, որ բույսերի մշակումները ՆՄ-ով պետք է իրականացնել երբ օդի ջերմաստիճանը բարձր է +18°С-ից և և ոչ արևի ուղղիղ ճառագայթների ներքո: Արևի ճառագայթները սպանում են մանրեներին, իսկ ցրտին դրանք չեն աճում ու բազմանում:

* Անգլերեն դրանք կոչվում են՝ effective microorganisms (EM) իսկ ռուսերեն՝ эффективные микроорганизмы (ЭМ):

Leave a Reply